ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ դատապարտեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունը տեղափոխելու որոշումը: Բանաձևը հարուցեց Սպիտակ տան կտրուկ արձագանքը։ ԱՄՆ-ում այդ արձագանքի մեկնաբանները բաժանվեցին երկու խմբի` պահպանողականներն աջակցեցին, լիբերալները դատապարտեցին։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին քվեարկությունից առաջ Թվիթերում զգուշացրեց, որ Վաշինգտոնը նկատի է առնելու բոլոր երկրներին, որ իր դեմ կքվեարկեն։ «Մեզ միշտ ՄԱԿ-ում խնդրում են ավելի ու ավելի շատ անել,- գրել էր Հեյլին։- Երբ մենք որոշում ենք կատարել ԱՄՆ-ի ժողովրդի կամքն ու որտեղ տեղակայել ՄԵՐ դեսպանատունը, չենք սպասում, որ նրանք, ում մենք օգնել ենք, մեր դեմ կլինեն։ Հինգշաբթի օրը քվեարկությունն է, որ քննադատում է մեր ընտրությունը, ԱՄՆ-ը քվեարկության արդյունքերը հաշվի է առնելու»։ ՄԱԿ-ում ելույթում Նիկի Հեյլին նույնն ասաց. «ԱՄՆ-ը կհիշի օրը, երբ իրեն հարձակման թիրախ դարձրին Գլխավոր ասամբլեայում, որովհետև մենք իրականացրել ենք ինքնիշխան երկրի մեր իրավունքը։ Մենք կհիշենք այդ օրը, երբ մեզ նորից կոչ կանեն աշխարհում ամենամեծ վճարը մուծել, երբ պարզված ձեռքով, որ հաճախ են անում, մեր տուն կգան ու կխնդրեն, որ վճարենք նույնիսկ ավելի շատ ու իրենց համար օգտագործենք մեր ազդեցությունը»։ ԱՄՆ-ի վճարը ՄԱԿ-ի բյուջեի 22 %-ն է, ԱՄՆ-ը փակում է նաև խաղաղարար գործողությունների ծախսերի 1/3-ը։ Մեկ տարի առաջ ամերիկացիների 64 %-ը ՄԱԿ-ին դրական էին վերաբերվում։ 29 %-ը համարում էր ձրիակերների հավաքատեղի։ Հավանաբար նրանց մեծամասնությունը ձայն է տվել Դոնալդ Թրամփին, որ կառավարության այս տարվա վերջին նիստում հայտարարեց. «Բոլոր այդ երկրները, որ մեզնից փող են վերցնում, հետո մեր դեմ են քվեարկում, մեզնից միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ են վերցնում, իսկ հետո մեր դեմ են քվեարկում: Թող մեր դեմ քվեարկեն, իսկ մենք կխնայենք մեր փողերը։ Մեզ համար մեկ է»։ «Մարդկանց` մեր հիանալի քաղաքացիներին, որ սիրում են իրենց երկիրը, զզվեցրել է, որ մեր երկիրն օգտագործում են,- շարունակեց Թրամփը,- մենք այլևս թույլ չենք տա մեզ օգտագործել»։ Ազատական Christian Science Monitor-ը գրում է, որ Թրամփի կոշտ մարտավարությունը հիշեցրեց ԱՄՆ-ում բազում տասնամյակներ փոթորկվող վեճերը միլիարդավոր դոլարների նպատակայնության մասին, որ ամեն տարի ԱՄՆ-ը ծախսում է տասնյակ երկրների ռազմական ու տնտեսական օգնության վրա։ «Ալտրուիզմը գլոբալ գերտերության մարտավարության գործիքների՞ց է»` ձևակերպում է Christian Science Monitor-ը այդ վեճերի էությունը։ Ամերիկացիները վաղուց են վիճում, թե ի՞նչ ու ինչքա՞ն սպասեն իրենց օգնությունը ստացողներից և արժի՞ պատժել նրանց, որ հակառակվում են ԱՄՆ-ին միջազգային ասպարեզում, թե՞ մատների արանքով նայել, որովհետև արտաքին օգնությունը հաճախ և նրանց է օգուտ բերում, և ԱՄՆ-ին։ Հիմա Թրամփն առիթ ունի իր պատասխանը տալու այդ հարցերին` Գլխավոր ասամբլեան ձայների գերակշիռ մեծամասնությամբ դատապարտեց ԱՄՆ-ին, ճիշտ է` անունը չտալով։ Եմենի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայացրած բանաձևին 128 երկիր կողմ քվեարկեց, դեմ էին 9-ը, ձեռնպահ` 35-ը։ 128 երկիր, ներառյալ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ստացող գլխավոր երկրները, բացի Իսրայելից, ԱՄՆ գլխավոր դաշնակիցները` Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան: Միայն Կանադան ու Ավստրալիան ձեռնպահ մնացին։ CNN-ի կայքում Սամանթա Վինոգրադը` ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Բարաք Օբամայի օրոք, գրում է, որ Կանադան փոխել է ՄԱԿ-ում իր դիրքորոշումը` քվեարկել ԱՄՆ-ի հետ, ինչպես անում էր պահպանողական վարչապետ Սթիվեն Հարպերի օրոք։ Ազատական վարչապետ Ջաստին Թրյուդոյի օրոք, գուցե, որոշել է մարտահրավեր նետել Թրամփին` Երուսաղեմի հարցով նրա որոշումը Կանադայում հաջողություն չունի։
Christian Science Monitor-ը նկատում է, որ քվեարկության արդյունքը ԱՄՆ-ին թողեց մեկուսացման մեջ, բայց ամերիկացիների համար դա արտառոց չէ։ Անսովորը Թրամփի խիստ տոնն է ու եռանդը, որով մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը։ «ՄԱԿ-ի քվեարկության մեջ անսովոր ոչինչ չկար, ԱՄՆ-ը նախկինում էլ մենակ է մնացել, հատկապես Իսրայելի հարցում, այդ իմաստով օգնությունը կրճատելու գաղափարը ևս նորություն չէ,- ասում է ԱՄՆ-ի պատմության պրոֆեսոր Դորոն բեն Ատարը։- 1981- ին Ռոնալդ Ռեյգանն իշխանության եկավ նույն մտքով` ԱՄՆ-ն օգնությում է առաջարկում, հետո օգնություն ստացածները փոխարենը սկսում են մեզ ստորացնել»։ Տարբերությունը` Թրամփը արտահայտությունների մեջ ընտրություն չի անում։ Դորոն բեն Ատարի խոսքով` դա սնուցում է աշխարհում տարածված տեսակետը, որ «Թրամփն օրինական նախագահ չէ» և սրում է նրա ու միջազգային հանրության դիմակայությունը։ Պատմաբանի սրտով չեն Նիկի Հեյլիի` Վաշինգտոնին չենթարկվածներին օգնությունից զրկելու սպառնալիքները։ «Ոչ մի երկիր չի ցանկանա հրապարակավ տրվել այդ ճնշմանը»` բացատրում է Ատարը։ Հենց ճնշման կոչ է անում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը, որ հիմա մեկնաբան է Fox News հեռուստաալիքում և խնդրում է Թրամփին մտածել, թե ՄԱԿ-ի ո՞ր գործակալությունների գումարները պետք է կրճատել, որոնցի՞ց ընդհանրապես հեռանալ։ Երուսաղեմի հարցով քվեարկությունից հետո Բոլտոնը
Թվիթերում գրեց, որ ԱՄՆ-ը պետք է առաջադրի ՄԱԿ-ի բյուջեում կամավոր, այլ ոչ թե պարտադիր վճարների գաղափարը։ Մյուս կողմից` Օբամայի օրոք ԿՀՎ-ի տնօրեն, լիբերալ Ջոն Բրենանը քննադատեց Թրամփի վարչակազմին ՄԱԿ-ում «զայրացուցիչ» կոչի համար։ Լիբերալ MSNBC հեռուստաալիքի մեկնաբան Ջո Սկարբորոն մեղադրեց Հեյլիին Գլխավոր ասամբլեային սպառնալու մեջ։ «Հեյլին,-ասաց նա,-դիվանագետ չէ և խայտառակում է ԱՄՆ-ը»։ «Երկրները, որոնց սպառնում է Հեյլին,- շարունակեց Սկարբորոն,- մեզ պետք են Իրանի հարցում։ Մեզ օգնություն է պետք Հյուսիսաին Կորեայի հարցում։ Մենք, հնարավոր է, նորից նրանց օգնության կարիքն զգանք Սիրիայի հարցում։ Մենք հազար տեղ նրանց օգնության կարիքն ունենք։ Այո, նրանք էլ մեր օգնության կարիքն ունեն։ Մենք չենք կարող համատեղ աշխատել, եթե Նիկի Հեյլին այնտեղ ստորացնի ԱՄՆ-ը` սպառնալով մեր դաշնակիցներին ոչ պարտադիր բանաձևի պատճառով։ Դա ոնց Դոնալդ Թրամփի թվիթները լինեն։ Յուրաքանչյուր պատասխան` միայն միջուկային։ Ոչ մի նրբերանգ»։ Պահպանողականները տեղնուտեղը նրան մեղադրեցին երեսպաշտության մեջ` հիշեցնելով բանաձևը, որ Սկարբորոն ներկայացրել էր 1995-ին Ներկայացուցիչների պալատին, երբ հանրապետական կոնգրեսական էր։ Բանաձևը հորդորում էր ԱՄՆ-ի կառավարությանը 4 տարի հետո փակել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչությունը և նրա գործառնությունները վերապահել պետդեպարտամենտին։ Բանաձևը չանցավ, Սկարբորոն 2001-ին հեռացավ Կոնգրեսից ու լրագրող դարձավ։ Թրամփին աջակցեց Ֆրենկ Գեֆնին, որ պաշտպանության փոխնախարար էր Ռեյգանի օրոք, իսկ հիմա գլխավորում է անվտանգության ոլորտում պահպանողականների քաղաքական կենտրոնը։ «Նախագահ Թրամփը ճիշտ արեց` հասկացնելով, որ եթե ինչ-որ մեկը նախընտրում է մեզ դեմ լինել, ոչ թե մեզ հետ, դա թանկ կնստի նրա վրա»` ասաց Գեֆնին Christian Science Monitor-ին։ Նրա խոսքով` ԱՄՆ-ը պետք է սկսի կրճատել իր ամենամյա վճարը ՄԱԿ-ին, որ Գեֆնին անվանում է «տոտալիտարիստների, տիրանների ու ահաբեկիչների խաղատեղի»։ Գեֆնին կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի աջակցությունը Պաղեստինի ինքնավարությանը։ Անվտանգության հարցերով շատ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ի աջակցության դադարեցումը Եգիպտոսին, Հորդանանին ու Աֆղանստանին, որ մեծածավալ օգնություն են ստանում ու բանաձևին կողմ են քվեարկել, հավասարարժեք է «աչքդ հանելուն, որ զոքանչդ կույր փեսա ունենա»։ «Մենք Եգիպտոսի կառավարությանն աջակցում ենք ոչ այն պատճառով, որ մեզ դուր է գալիս կամ մենք շատ բարի ենք,- ասում է պատմաբան Ատարը,- այլ մասամբ մեր պարտավորությունների պատճառով, որ ստանձնել ենք, երբ նրանք հաշտվել են Իսրայելի հետ։ Բայց հիմնականում այն պատճառով, որ Եգիպտոսը տարածաշրջանուն չափազանց կարևոր երկիր է և չափազանց կարևոր է մեր ազգային անվտանգության համար»։ Christian Science Monitor-ը նկատում է, որ շատ արագ պետդեպարտամենտը նվազ կատեգորիկ խոսեց։ Մամլո քարտուղար Հեզեր Նաուերտը հայտարարեց, որ վարչակազմը իր միջազգայնագետներին հանձնարարել է «ուսումնասիրել այլ երկրների հետ հետագա հարաբերությունների տարատեսակ տարբերակները» և «քվեարկությունը ՄԱԿ-ում միակ գործոնը չէ, որին վարչակազմը ուշադրություն կդարձնի փոխհարաբերությունների առումով»։
ВВС
Հ.Գ. Երուսաղեմի հարցում Սպիտակ տան նոր քաղաքականության քննադատներից են ԱՄՆ-ի հրեաները։ AJC-ի հարցման տվյալներով` միայն 16 %-ն է պաշտպանում դեսպանատան անհապաղ տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ։ 36 %-ը կողմ է տեղափոխման «ապագայում` Իսրայելի ու պաղեստինցիների բանակցությունների առաջընթացից կախված»։ 44 %-ը սկզբունքորեն դեմ է։ ԱՄՆ-ի համալսարանների հուդայականության 170 պրոֆեսորներ հայտարարություն են ստորագրել, որ վշտացած են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից, որովհետև «քաղաքն ունի միատեսակ վիթխարի կրոնական ու հուզական նշանակություն հրեաների, մուսուլմանների ու քրիստոնյաների համար։ Դա հրեաների ու պաղեստինցիների ազգային ձգտումների կենտրոնատեղին է»։ «Մենք հույս ունենք տեսնել աշխարհ, որտեղ այս երկրի բոլոր բնակիչները հավասար մուտք ունեն դեպի քաղաքի մշակութային ու նյութական ռեսուրսներ։ Այսօր, ցավոք, այդպես չէ»` գրել են պրոֆեսորները։ Հարցման արդյունքները հրապարակած Washington Post-ը նշում է, որ հրեա Բերնի Սանդերսը քննադատել է Թրամփի ծրագիրը` հայտարարելով, որ կարող է անուղղելի վնաս հասցնել իսրայելցիների ու պաղեստինցիների խաղաղ բանակցություններին։ Նորություն չէ, որ ԱՄՆ-ի հրեաները շատ քիչ են աջակցում Թրամփի քաղաքականությանը։ Նրանց 71 %-ը քվեարկել է հօգուտ Հիլարի Քլինթոնի: Հիմա 77 %-ն ասում է, որ աննպաստ կարծիք ունի Թրամփի կառավարման մասին։ Հրեաների 22 %-ն իրեն անվանում է պահպանողական կամ հարում է աջերին։ Թրամփը կարող է իրեն մխիթարել, որ դեսպանատունը տեղափոխելու իր որոշմանը կողմ է ավետարանչական քրիստոնյաների 53 %-ը: Իսկ գուցե հենց դա է Թրամփի անակնկալ որոշման դրդապատճառը` իր կողմը գրավել հրեաներին, որ քաղաքական ու ֆինանսական մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ-ում ու աշխարհում։ Եթե նա վճռի երկրորդ ժամկետի համար քվեարկվել, իսկ նա կվճռի` դատելով իր կառավարման մասին իր գնահատականներից, հրեաներին պետք է ունենալ բարեկամ, ոչ թե մրցակցին ձայն տվող։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ